Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են 2011թ. մարտի 11-ի տարերային աղետների հազարավոր զոհերի հիշատակը: Լռության րոպեն սկսվել էր տեղական ժամանակով ժամը 14-ն անց 46–ին , հենց այդ ժամանակ էր ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս արեւելքում գրանցվել Ճապոնիայի պատմության մեջ հզորագույն երկրաշարժը՝ 9 մագնիտուդով: Այն նաեւ մի շարք ցունամիների պատճառ էր դարձել: Ալիքների բարձրությունը որոշ տեղերում գերազանցել էր 40 մետրը:

Լռության րոպեն հայտարարվել է Ազգային թատրոնում սգո արարողության ժամանակ՝ Ճապոնիայի կայսր Ակիհիթոյի ու վարչապետ Սինձո Աբեի ներկայությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային համայնքին ցուցաբերած աջակցության համար եւ խոստացել անել հնարավոր ամեն ինչ աղետից տուժած շրջանները վերականգնելու համար :

Պաշտոնական տվյալաներով 2011 թ. աղետից զոհվել կամ անհետ կորել է գրեթե 18.5 հազար մարդ: Լիովին կամ մասամբ ավիրվել են ավելի քան 400 հազար տներ, ջրի տակ է մնացել ավելի քան 560 քառ կմ տարածք, այդ թվում Սենդայ խոշոր քաղաքի օդանավակայանը:

«Ֆուկուսիմա 1» ատոմակայանում ռադիացիայի արտահոսք էր սկսվել: Ցունամիից տուժած տարածքի մակերեսը 21.5 հազար հեկտար է: Աղետի հասցրած ուղիղ վնասը գնահատվում է 25 տրիլիոն իեն ( 220 մլրդ դոլար):