Արդեն այսօրվանից պետք է սկսել լրջորեն նախապատրաստվել «Էրեբունի-Երեւան 2800»-ին: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության ու սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցների հետ խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը:

«Ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել իր հարազատ քաղաքի ծննդյան նման հոբելյանական տարեթիվը: Մեր սերնդին այն բաժին է ընկել ու մենք պարտավոր ենք պատշաճ նշել: Սա հրաշալի առիթ է լավագույնս ներկայանալու միջազգային հանրությանը եւ մեր մշակույթն ու պատմությունը դարձնելու համաշխարհային հետաքրքրության առարկա: Անհարժեշտ են համալիր մոտեցումներ ու լուծումներ: Ըստ այդմ սերտորեն համագործակցեք աշխատակազմի համապատասխան վարչությունների հետ»,-նշել է նա:

«Քայլեր ձեռնարկեք նաեւ «Էրեբունի-Երեւան 2800»-ի մասին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներով հրապարակումներ ապահովելու, ինչպես նաեւ տոնի առիթով զբոսաշրջիկների եւ միջազգային պատվիրակությունների ու այլ հյուրերի ներգրավման ուղղությամբ: «Էրեբունի-Երեւան 2800»-ը պետք է դառնա մեր համաքաղաքացիների կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկը, ուստի փորձեք լսել եւ համախմբել նաեւ նրանց կարծիքներն ու առաջարկները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: