Հոլոկոստը վերապրած 112-ամյա Իսրայել Կրիստալը աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչվել, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով The Times of Israel-ին:
Կրիստալը ռեկորդակիր երկարակյաց է ճանաչվել, երբ Լեհաստանում նրա տարիքն ապացուցող փաստաթղթեր են հայտնաբերվել: Արխիվներում հայտնաբերվել են նյութեր, որոնք վկայում են, որ տղամարդը 1918-ին ապրել է Լոձ քաղաքում: Այդ պահին նա 15 տարեկան էր:
Կրիստալը ծնվել է 1903-ի սեպտեմբերի 15-ին` Ժարնուվում (այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում էր), հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Լոձ, որտեղ տղամարդը սկսել է աշխատել հրուշակեղենի ֆաբրիկայում: Նացիստական բռնազավթման տարիներին նրան կնոջ հետ ուղարկել են Օսվենցիմի ճամբար: Կրիստալի կինը մահացել է: Պատերազմի ավարտին տղամարդը մոտ 37 կգ էր կշռում: Հետո Կրիստալը հաստատվել է Իսրայելում, որտեղ հրուշակեղենի կրպակ է բացել եւ դարձյալ ամուսնացել է:
Մինչեւ վերջերս նրա ստացած ամենահին փաստաթուղթը առաջին ամուսնության վկայականն էր: Նա ամուսնացել է 25 տարեկանում: Սակայն Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար նրա կյանքի առաջին 20 տարիներին վերաբերող նյութեր էին անհրաժեշտ:
Կրիստալից առաջ, ամենատարեց տղամարդ էր համարվում Ճապոնիայից Յասուտարո Կոիդեն: Նա մահացել է այս տարվա հունվարին` 112 տարեկանում:




























