Ամենածեր ֆրանսուհին այսօր 114 տարեկան Եւդոքսի Բաբուլն է, հայտնում է 20minutes.fr. պարբերականը:

Նա ծնվել է Գվիանայում: Իր երկարակեցության գաղտնիքները նա ոչ դիետան է համարում, ոչ էլ սպորտը: Ֆրանսիայի ամենածեր կնոջ ընտանիքում արդեն 6 սերունդ կա:

Իսկ ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ամբողջ աշխարհի ամենաածեր կինը Ժաննա Կալմանն էր: Նա ծնվել է 1875 թ., մահացել 1997 թ., ապրելով 122 տարի: Երիտասարդ տարիներին զբաղվել էր սպորտով: Նա իր երկարակեցության գաղտնիքն էր համարում ձիթապտղի յուղը, շաբաթական մի բաժակ պորտվեյնը ու շոկոլադը: Նրա ամուսինը առեւտրական էր: Նրա խանութում Ժաննան մի անգամ տեսել էր Վինսենթ վան Գոգին, որը մտել էր կտավներ գնելու:

«Ես նրան ճանաչել եմ նրա կյանքի վերջին օրերին: Նա աչքի ընկնող մարդ չէր: Ու լրիվ հյուծվել էր խմիչքից»,- հիշում էր կինը 90 ականներին:

Ժաննա Կալմոնը երկար տարիներ մենակ է ապրել: Նրա ամուսինը մահացել էր 55 տարի առաջ, իսկ միակ դուստրը մահացել էր 36 տարեկանում: Ժաննան 110 տարեկանում հոժարակամ գնացել էր ծերանոց:

Իսկ ամենածեր ֆրանսիացի տղամարդը Մորիս Ֆլոկեն է եղել: Նա մահացել է 2006 թ. 111 տարեկանում: Առաջին համաշխարհային պատերազմում երկու անգամ վիրավորվել էր ու մասամբ կորցրել լսողությունը: Երկար հոսպիտալացումից հետո նրան ուղարկել էին ռազմական գործարան: 1919թ. նա տուն էր վերադարձել ու դարձել մեխանիկ: 2005 թ. պարգեւատրվել էր Պատվավոր լեգիոնի շքանշանով: Նրա երկարակեցության գաղտնիքներից մեկն էլ վելոտրենաժորն էր: