ԼՂՀ կառավարության եւ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» ընկերության միջեւ սերտ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա եւ կընդլայնվի: Այս մասին, Լիբանան կատարած աշխատանքային այցելության ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Վարչապետը մարտի 12-ին եւ 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայ եւ օտար ներդրողների հետ, նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր եւ ձեռք բերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ: «Արցախ Րութս Ինվեսթմընթս» ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը քննարկել է ընկերության ծրագրերը, դրանց իրագործման ընթացքը եւ հետագա ուղղությունները:
Ա. Հարությունյանը բարձր է գնահատել ընկերության ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման եւ բնակիչների բարեկեցության մակարդակի բարելավման գործում՝ համոզմունք հայտնելով, որ կառավարության եւ ընկերության միջեւ սերտ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա եւ կընդլայնվի:
Մարտի 13-ին արցախյան պատվիրակությունը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսի գլխավորությամբ մատուցված սուրբ պատարագին, այնուհետեւ Անթիլիասի կաթողիկոսարանում հանդիպում է ունեցել Արամ Առաջինի հետ: Վարչապետն իր խոսքում կարեւորել է լիբանանահայ համայնքի ակտիվ մասնակցությունն Արցախի գոյապայքարի եւ զարգացման գործում՝ Արցախի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով համայնքին՝ շարունակաբար ցուցաբերվող բարոյական եւ նյութական աջակցության համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ողջունել է Ա. Հարությունյանին՝ հավաստիացնելով, որ Արցախի զարգացման ու անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է, եւ Անթիլիասի կաթողիկոսությունը եւս ծառայում է այդ առաքելությանը:
Վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանան շարունակվելու է մինչեւ մարտի 15-ը՝ ներառելով տնտեսական, քաղաքական եւ մշակութային բնույթի հանդիպումներ ու միջոցառումներ:





























