Բրյուսելում տեղի ունեցած պայթյուններից հետո Բելգիան 225 զինծառայող կուղարկի անվտանգության ապահովման համար, հայտնում է La Figaro-ն։

Իր հերթին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ երկիրը տուժել է 2 ահաբեկչական ակտերից։ «Դրանք շատ դաժան հարձակումներ էին, որոնք կազմակերպել էին վախկոտները։ Կան զոհեր, մենք ջանում ենք վերահսկել իրավիճակը։ Այս պահին մենք օգնում ենք բոլոր տուժածներին, որոնց հիվանդանոց են տեղափոխել։ Երկրում ահաբեկչական սպառնալիքի 4-րդ աստիճան է հայտարարվել։ Մենք անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել։ Ես բելգիացիներին հանգստության կոչ եմ անում»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։

Հիշեցնենք, որ եւս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Պայթյունից զոհվել է 15 մարդ, վիրավորվել 55-ը։