Ադրբեջանում հետեւողականորեն աճում է կին թմրամոլների թիվը: haqqin.az-ը տեղեկացնում է, որ նման պնդում է արել Ադրբեջանի գլխավոր թմրաբան Լյուդմիլա Ջաֆարովան:
Նրա խոսքով, վերջին 5 տարվա ընթացքում թմրամոլների թիվը երկրում ավելացել է 10 անգամ: Եվ եթե նախկինում թմրանյութեր օգտագործում էին հիմնականում չափահասները, այսօր «սպիտակ մահը» նույնիսկ դպրոցներ է հասել: Թմրամոլության կանխարգելման միջոցների վրա ամեն տարի միլիոնավոր մանաթներ են ծախսվում, սակայն ապարդյուն:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Ադրբեջանում 28 656 թմրամոլ է գրանցված: Նրանցից 11,4 հազարը Բաքվում են: Սակայն պետք է հաշվի առնել, որ խոսքը միայն գրանցված թմրամոլների մասին է: Նույն վիճակագրության համաձայն, թմրամոլների ավելի քան 70 տոկոսն առաջին անգամ թմրանյութ օգտագործել է 15 տարեկանում:
Լյուդմիլա Ջաֆարովայի խոսքով, միայն վերջին տարվա ընթացքում թմրամոլ կանանց թիվն ավելացել է 5,4 տոկոսով: Գլխավոր թմրաբանը նշում է, որ թմրամոլությունը իսկական խնդիր է դարձել միջնակարգ դպրոցներում, լիցեյներում եւ համալսարաններում: Մասնագետը նշում է, որ Նարկոլոգիական դիսպանսեր դիմողների մեծամասնությունը 16-17 տարեկան է: Սակայն նրանց թվում նաեւ 7-րդ դասարանի աշակերտներ կան: Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում նույնիսկ 8 տարեկան թմրամոլ է գրանցված:





























