Դիլիջանում մարտի 25-27-ը տեղի է ունենալու «Դիլիջանյան խաղեր 2016» ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային մրցաշարը:

Փառատոնն անցկացվելու է Հայաստանում արդեն չորրորդ անգամ: Այս տարի Դիլիջանյան խաղերին կմասնակցի 25 թիմ` 10 հայկական եւ 15 արտասահմանյան: Փառատոնին մասնակցելու են 7 երկիր (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Լեհաստան եւ Էստոնիա) ներկայացնող թիմեր: Սա ռեկորդային ցուցանիշ է այս մրցաշարի համար եւ վկայում է արտասահմանյան գիտակների կողմից մրցաշարի հանդեպ աճող հետաքրքրության մասին:

Թիմերը  կմրցեն 4 հիմնական անվանակարգերում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Էրուդիտ» եւ «Քո խաղը» անհատական մրցաշարում:

Հիշեցնենք, որ «Դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ մրցաշարը արժանացել էր «Տարվա մրցաշար» միջազգային հեղինակավոր մրցանակի:

Մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Խաղերը կանցնեն «Բեսթ Վեսթերն Դիլիջան Փերեդայզ» հյուրանոցում: