ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանի Հանրապետություն նրա պաշտոնական առաջին այցի շրջանակներում եւ հույս հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն ու քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ավանդական բարիդրացիական հարաբերությունների եւ երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: ՀՀ նախագահը ջերմությամբ է հիշել անցյալ տարվա հոկտեմբերին իր աշխատանքային այցը Վրաստան, որի ընթացքում արդյունավետ հանդիպումներ է ունեցել երկրի բարձր ղեկավարության հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգի կարեւորագույն հարցերը, այդ թվում՝ փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման տեսանկյունից կարեւորել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, սերտ շփումները նաեւ միջխորհրդարանական ձեւաչափով:
ՀՀ նախագահը եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարը համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Վրաստանը՝ ներգրավված լինելով տարբեր ինտեգրացիոն գործընթացներում՝ ՀՀ-ն անդամակցելով ԵՏՄ-ին, իսկ Վրաստանը ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը նաեւ այդ գործընթացների շրջանակներում կուտակած փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրագործման առումով: Կողմերի համոզմամբ, դա որակապես նոր մակարդակի կբարձրացնի հայ-վրացական հարաբերությունները:
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն եւս կարեւորել է ՀՀ նախագահի անցյալ տարեվերջին Վրաստան կատարած այցը եւ ընդգծել, որ իր խորին համոզմամբ, լայն հնարավորություններ կան բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ, զարգացնելու տնտեսական հարաբերությունները, կյանքի կոչելու հեռանկարային նոր համատեղ ծրագրեր:
Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Ջանելիձեն կարեւորել են նաեւ երկու պետությունների կողմից՝ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված եւ փոխադարձ շահերի հարգման վրա հիմնված քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը, առկա խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացին:






























