Մերձավոր Արեւելքի մասնագետ, թուրքագետ, Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբին իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում հնարավոր ռազմական հեղաշրջմանը։ Հոդվածը հրապարակվել է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Թուրքիայում տիրող իրավիճակը անմխիթար է։ Ընդ որում, խնդիրը ոչ միայն նոր ահաբեկչական սպառնալիքի ֆոնին անվտանգության  համակարգի խախտումների մեջ է։ Ռուբինը թվարկում է մի շարք այլ ներքին խնդիրներ։

Թուրքիայի պետական պարտքը, հնարավոր է, կայուն է, դրա փոխարեն մասնավոր պարտքը վերահսկողությունից դուրս է գալիս։ Զբոսաշրջային բիզնեսը ազատ անկման մեջ է, իսկ ազգային արժույթի թուլացումը բացասաբար է անդրադառնում քաղաքացիների սպառաողունակության վրա։

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես «վերահսկողությունից դուրս է գալիս»։ Նա ընդդիմադիրներին բանտերն է լցնում, ճնշում է լրատվամիջոցներին եւ ապարանքներ է կառուցում խելագար սուլթանի արագությամբ, շարունակում է Ռուբինը։

«Նրա անսպասելի հուզական պոռթկումները տարակուսանք են առաջ բերում ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։ Անգամ կուսակցության ներսում շշուկներ են պտտվում, որ նա պարանոյան ուժեղանում է»։

Փորձագետը անդրադառնում է քրդերի խնդրին՝ նշելով, որ սկզբում Էրդողանը վերականգնել էր բանակցությունները նրանց հետ, հետո նորից պատերազմի դիմել։ «Անկարան ոչ մի շանս չունի այս հակամարտությունում հաղթելու համար։ Եթե Թուրք զինվորականները որոշեն տապալել Էրդողանին, կարո՞ղ են նրանք ջրից չոր դուրս գալ։ Վերլուծությունների տեսակետից՝ այո, բայց ոչ նման բնույթի գործողություններին հավանություն տալու տեսակետից»,- նշում է հեղինակը։

Նրա կարծիքով ԱՄՆ նախագահի վարչակազմը նախագահական ընտրությունների շեմին դժվար թե ավելի լուրջ քայլի դիմի, քան հնարավոր հեղաշրջման առաջնորդներին քննադատելն է։

Հեղինակը նաեւ կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունը չի փրկի Թուրքիային ռազմական հեղաշրջումից։