ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի իրականացման հարցեր եւ պայմանավորվել արագացնել ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրին:
«Հանդիպումը հնարավորություն ընձեռեց անդրադառնալ նաեւ մարտի 22-ի սարսափելի ահաբեկչություններին եւ դատապարտել Բրյուսելում տեղի ունեցածը: Կողմերը ցավակցություն հայտնեցին զոհերի հարազատներին եւ կրկին համերաշխություն եւ վճռականություն հայտնեցին ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սերտ համագործակցության շրջանակում ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,- հայտարարել է աղբյուրը:
Յունկերն ու Քերրին քննարկել են նաեւ «ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ վերջերս կնքված համաձայնագրին, որը սիրիացի փախստականների համար անվտանգ եւ օրինական ճանապարհ է բացում դեպի Եվրամիություն՝ միաժամանակ կրճատելով ապօրինի միգրացիան»:





























