Հայաստանում գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը չի բացառում կրկնակի քվեարկությունը: Այս մասին մարտի 25-ին կազմակերպված «Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագիծ. վիճելի դրույթներ» թեմայով բանավեճի ժամանակ  հայտարարեց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը:

Իրավապաշտպանի խոսքով, ընտրողների ռեգիստրը մեկ սերվերի հետ կապված համակարգ չէ: «Դա նշանակում է, որ ընտրողների բազաները տարբեր ընտրատեղամասերում առանձին են, եւ ոչ մի երաշխիք չկա, որ տարբեր տեղամասերի ընտրացուցակներում մեկ մարդու անունը չի կրկնվի երկրորդ կամ երրորդ անգամ»,- ընդգծեց Հերիքնազ Տիգրանյանը: Այսինքն, ըստ նրա, մարդը կարող իր նույնականացման քարտով տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկել, քանի որ սերվերը միասնական տվյալներ չի ապահովում:

«Ի՞նչ խնդիր է լուծում գրանցման էլեկտրոնային համակարգը՝ բացի լրացուցիչ ֆինանսական բեռից: Մենք առաջարկում ենք կա՛մ ամբողջ ռեգիստրը միասնական անել, կա՛մ պարզապես հրաժարվել գրանցման այդ ձեւից»,- ամփոփեց Տիգրանյանը: