Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի առաջատար թեկնածուները՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփն ու սենատոր Թեդ Քրուզը, հրապարակայնորեն վիճաբանել են իրենց կանանց պատճառով: Թրամփն իր մրցակցին «խաբեբա» է կոչել, իսկ Քրուզը միլիարդատիրոջը՝ «խղճուկ վախկոտ»:

«Հանրապետականների ընտանիքում» սկանդալը հրահրվել է այն բանից հետո, երբ նախօրեին Յուտա նահանգում փրայմերիզից հետո Facebook սոցիալական ցանցում հրապարակվել էր միլիարդատիրոջ կնոջ՝ Մելանիայի մերկ լուսանկարը՝ հետեւյալ գրությամբ. «Ծանոթացեք Մելանիա Թրամփի՝ ձեր ապագա առաջին տիկնոջ հետ: Կամ քվեարկեք Թեդ Քրուզի օգտին»: Թրամփի կինը նախկինում մոդել է եղել եւ լուսանկարվել GQ տղամարդկանց ամսագրի համար:

Թրամփի հակառակորդները հաշվարկել են, որ մի նահանգում, որտեղ բնակչության մեծ մասը պահպանողական մորմոններ են, այդպիսի փիարը չի մեծացնի միլիարդատիրոջ ժողովրդականությունը, եւ չեն սխալվել: Քրուզն այստեղ ստացել է նահանգի բոլոր 40 պատվիրակների ձայները:

Ըստ ՏԱՍՍ-ի, Թրամփը սրան արձագանքել է սոցիալական ցանցերում: «Խաբեբա Թեդը GQ-ից Մելանիայի լուսանկարն օգտագործել է իր գովազդում: Զգույշ, խաբեբա Թեդ, թե չէ ես կբացահայտեմ քո կնոջ գաղտնիքները»,- գրել է միլիարդատերը:

«Դոնալդ, եթե փորձես նեղացնել Հեյդիին, ապա շատ ավելի վախկոտ ես, քան ես էի կարծում»,- պատասխանել է Քրուզը: