Ֆրանսիայի ոստիկանությունը սկսել է հետեւել մոտավորապես ինը հազար երիտասարդների, քանի որ մտավախություններ կան, որ նրանք կարող են արմատական շարժոմների կողմնակիցներ դառնալ, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է ֆրանսիացի խորհրդարանական, Եվրոպայում ջիհադականների ցանցերի մոնիտորինգի հարցերով հանձնաժողովի համանախագահ Նատալի Գուլեն:

«Արմատականացման եզրին գտնվող երիտասարդները Ֆրանսիայում դեռ հսկողության տակ են: Նրանց թիվն անցնում է ինը հազարից, ընդ որում 50 տոկոսը փոխել են կրոնը  (քրիստոնեությունից իսլամի են անցել )»,- հայտնել է Գուլեն:

Սենատորը նշել է, որ ջիհադականների կողմից երիտասարդների հավաքագրման կանխմանն ուղղված ջանքերը պետք է ձեռնարկվեն արդեն դպրոցների մակարդակով: Ֆրանսիայում երիտասարդների արմատականացման դեմ պայքարը «երկարատեւ աշխատանք է պահանջում, ո րն անհնար է մեկ ակնթարթում ավարտել»,- հավելել է Գուլեն:

Ավելի վաղ հայտնել էին, որ Ֆրանսիան Եվրամիության երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում արմատական հայացքներով քաղաքացիների թվով, որոնք Սիրիա են մեկնել պատերազմելու: Ռիսկերի գնահատման Aon ընկերության տվյալներով 2014-ի ապրիլից Սիրիա են ժամանել 1.2 հազար ֆրանսիացիներ, որոնք կռվում են իսլամիստների կողմից: