Ո՞վ է ասում, որ ռեյտինգային ընտրակարգով միեւնույն կուսակցության թեկնածուների վիճակը բարդանալու է:  NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը՝ անդրադառնալով համամասնական ռեյտինգային ընտրակարգին:

«Դեռ շուտ է դրա մասին խոսել:  Պետք է ծանոթանալ կարգին նոր, ով ասեց, որ այդպես ավելի բարդ է լինում»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, որն, ի դեպ, մեծամասնական ընտրակարգով է պատգամավոր ընտրվել:

«Ես կարծում եմ, որ ինչքան շատ մարդ լինի  տարածքային ցուցակում, դա կուսակցության օգտին է, եւ խորհրդարան կմտնի այն պատգամավորը, որը որ շատ ձայն կտանի, նորմալ է: Ով շատ ձեն հավաքեց, էն էլ կգնա, իրարից ձայն խլելու խնդիր չկա»,-ասաց Հրանտ Դավթյանը:

Նշենք, որ  նույն խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը այս ընտրակարգը  համարում է թաքնված մեծամասնական ու կարծում է, որ այդպիսով թշնամական հարաբերություններ կստեղծվեն ոչ միայն  կուսակիցների,  այլեւ եղբայրների միջեւ, որոնց կընդգրկեն միեւնույն կուսակցության տարածքային ցուցակներում, որպեսզի մրցակցություն ստեղծելով` ավելի շատ ձայն կարողանան հավաքել:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսված է, որ ընտրական տարածքներում կուսակցությունները բացի ավանդական համամասնական ցուցակներից, պետք է ներկայացնեն բաց տարածքային ցուցակներ (յուրաքանչյուր ընտրական տարածքում տարբեր ցուցակներ են լինելու), որտեղ ընդգրկված կլինեն  նույն կուսակցությունից շուրջ երկու տասնյակ  թեկնածուներ, եւ ընտրողը կուսակցության օգտին քվեարկելիս` կարող է նշում անել նաեւ իր նախընտրած թեկնածուի անվան դիմաց: Սա, ըստ էության, նույն կուսակցության թեկնածուների միջեւ մրցակցություն է առաջացնելու: