Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում այցելել է Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին ու շնորհավորել հայ համայնքին Զատիկի տոնի կապակցությամբ, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Արեւելյան ու արեւմտյան քրիստոնյաները Զատիկի օրը որոշելու համար տարբեր մեթոդներ են օգտագործում, դրա համար էլ Զատիկը նշելու օրը նրանց մոտ միայն դեպքերի 30 տոկոսում է համընկնում:
«Մեր բարեկամությունը շատ կարեւոր է, ու Վրաստանը հպարտանում է իր՝ ազգությամբ հայ զավակներով: Մենք ուրախ ենք, որ միասին ենք կառուցում այն երկիրը, որը միշտ կարող է հպարտանալ նրանով, որ տարբեր մշակույթների գոյակցման շատ դրական օրինակ է աշխարհի համար»,- հայտնել է Կվիրիկաշվիլին:
Հայկական եկեղեցում հանդիսավոր պատարագին կառավարության ղեկավարի հետ ներկա էին նաեւ փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին, պետխոհրդի նախագահ Գեորգի Ալիբեգաշվիլին, կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն:





























