Լոռու մարզի Ձյունաշող գյուղում վերջին երկու տարում ոչ մի ծնունդ չի գրանցվել, իսկ համայնքային բյուջեով գրանցվելիք ծնունդների համար նախատեսված գումարն այդպես էլ չի ծախսվել:

«Եվ 2014, և 2015թ.-ին գյուղում ծնունդ չի եղել, իսկ ընդհանրապես վերջին տարիներին ծնելիության ցուցանիշը շատ ցածր է եղել. գյուղում ծնվել է միջինը 1-2 երեխա»,- ասում է Ձյունաշողի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը:

Նրա խոսքով՝ գյուղում վերջին մեկ-երկու տասնամյակի ընթացքում բնակչության թիվը կտրուկ նվազել է. այժմ այստեղ բնակվում է 45 տնտեսություն՝ նախկին 260-ի փոխարեն, իսկ բնակիչների թիվը չի անցնում 140-ից:

«Գյուղում փակ դռներ շատ կան, մարդիկ թողել գնացել են: Կյանքի պայմաններից ելնելով հեռացել են գյուղից»,- ասում է Ձյունաշողի համայնքապետ Գարի Գրիգորյանը:

Գյուղի դպրոցն 2015թ. սեպտեմբերին չի ունեցել  առաջին դասարանցի: Սա  գյուղից հեռանալու կամ գյուղում մնալու դեպքում ծնելիության ցածր ցուցանիշի անմիջական հետևանքն է. երիտասարդները կամ չեն ամուսնանում, կամ ամուսանանում ու բավարարվում են 1-2 երեխայով: Արդյունքում 250 աշակերտ ունեցած դպրոցում հիմա 22 աշակերտ է սովորում:

«Այս տարի առաջին դասարան չկար, նախկինում էլ տարիներ են եղել, որ դպրոցն առաջին դասարան չի ունեցել: Էսօր դե երեխա չեն բերում, ի՞նչ անենք»,- նշում է գյուղապետը:

Գարի Գրիգորյանի խոսքով՝ գյուղում մնացած երիտասարդների մեծ մասը չի ամուսնանում: Ասում է. «Մի քանի ջահել ունենք, չեն ամուսնանում, ամբողջ օրը կռիվներս նրանց հետ էդ ա, որ ամուսնացեք»: