Երեւանում հայտնվել են պաստառներ, որոնք ազդարարում են «Ավրորա» մրցանակի (Aurora Prize) մասին եւ կրում երեք բառ ՝«Խիզախություն, Նվիրվածություն, Ազդեցություն»:
Ի՞նչ են խորհրդանշում այս բառերը. NEWS.am-ը դիմեց 100 LIVES/ Aurora Prize նախաձեռնության հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանին:
«Պաստառներն ազդարարում են «Ավրորա» մրցանակաբաշխության մասին, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին: Երեւանը հյուրընկալելու է մարդասիրության ոլորտի առաջատարներին, այդ թվում՝ Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի դափնեկրի հավակնորդներին, որոնք ժամանելու են Հայաստան՝ մեծարանքի արժանանալու իրենց անձնազոհ արարքների համար: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Այն տրվելու է մերօրյա հերոսներին, ովքեր վտանգի ենթարկելով իրենց կյանքը՝ ուրիշներին վերապրելու հնարավորություն են ընձեռում, ինչպես այն խիզախ մարդիկ, ովքեր հարյուր տարի առաջ օգնեցին հայերին»,-ընդգծեց Արմինե Աֆեյանը:
Նա նշեց, որ խիզախության, նվիրվածության ցուցաբերումը եւ այդ արարքների ունեցած ազդեցությունն այն չափանիշներն են, որոնք մրցանակի Ընտրող հանձնաժողովը հիմք է ընդունում հավակնորդներին ընտրելիս:
«Ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը, համահիմնադիրները եւ միջազգային մարդասիրական հանրությունը կմիանան հայ ժողովրդին՝ մեծարելու «Ավրորա» մրցանակի դափնեկրին: Այս պաստառներով ուզում ենք բոլորին՝ հայերին եւ Հայաստանում գտնվողներին, ծանոթացնել նախաձեռնության գաղափարին»,-նշեց Արմինե Աֆեյանը:





























