Սահմանադրությունն արդեն ընդունված է եւ ըստ այդ Սահմանադրության են լինելու նոր ընտրությունները, ուստի պետք է աշխատել այս պայմաններում, ոչ թե հայտարարել օրումեջ իշխանափոխություն անելու մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձեւաչափով քննարկման մասին:
Նրա խոսքով, այլ ձեւաչափ այս պահին չկա, որ համեմատի ու ասի, թե որն է ավելի նախընտրելի: «Ընդհանրապես չխոսե՞նք, չասե՞նք: 5 դիտողություն ունենք, 50-ից դարձրել ենք 5 հատ»,-ասել է նա:
«Սահմանադրությունը կարող է փոխենք, եթե իշխանափոխություն լինի: Մենք հիմա էլ գտնում ենք, որ սա սխալ սահմանադրություն է, բայց այդ պայմաններում լինելու է ընտրություն: Թե՞ հայտարարենք, որ օրումեջ իշխանափոխություն ենք անում»,-ասել է նա:
«Նույնկերպ Հայաստանը մտել է ԵՏՄ, որի վերջին որոշումները տափակ որոշումներ են: Նախորդ տարվան ընթացքում առեւտուրը 25 տոկոսով է նվազել, այս տարի էլ՝ 15 տոկոս: Բա էլ ինչո՞ւ էինք ստեղծում ԵՏՄ-ն: Հիմա ի՞նչ, Բագրատյանը չասի՞. «Այ ընկերներ, ես տեսնում եմ լուծումներ ԵՏՄ-ի շրջանակներում»: Եթե խելքներս հասնում է, չասե՞նք այս ամենը: Այսինքն ասենք՝ Բագրատյան, դու միեւնույն է, ԵՏՄ-ի կողմնակիցը չէիր: Կամ ասենք, եթե դուք չէիք ուզում, բայց ձեզ մոտ ծնվում է 4-րդ երեխան, հրաժարվո՞ւմ եք երեխայից»,-ընդգծել է Բագրատյանն ու ամփոփել. «Էդպես էլ ապրում ենք»:





























