Լենինգրադի մարզի բնակիչ Ռոման Պակը դատական հայց է ներկայացրել Պետդումայի, Ֆինանսների նախարարության եւ Դաշնային գանձապետարանի դեմ՝ «2014 թվականի եւ 2015 ու 2016 թվականների ծրագրային ժամանակահատվածի դաշնային բյուջեի մասին» օրենքը չկատարելու համար, որում գնաճը հաշվարկված է 5%-ի մակարդակով:
Հայցվորը նշում է, որ իշխանությունները չեն կատարել առաջադրված խնդիրը: Նրա հաշվարկներով, սպառողական գների աճն այդ ընթացքում գերազանցել է 70%-ը:
Ընդ որում, պատասխանող կողմերից պահանջը մեծ չէ՝ ընդամենը 23 495.5 ռուբլի: Հայցվորը պարզաբանել է, որ փոխհատուցման գումարով մտադիր է կոմպրեսոր եւ զոդման սարք գնել: 2014 թվականին Պակը որոշել է 32 հազար ռուբլի հավաքել՝ այս սարքերը գնելու համար, սակայն 2016 թվականին դրանց գինը 32.000-ից հասել է 56.200 ռուբլու:
Ըստ Gazeta-ի, 2014 թվականի արդյունքներով, Ռուսաստանում գնաճի պաշտոնական մակարդակն աճել է 11.36%-ով, իսկ 2015-ի արդյունքներով՝ եւս 12.91%-ով: Ընդ որում, իշխանությունները տարվա ընթացքում մի քանի անգամ վերանայել են իրենց կանխատեսումները՝ գների աճի օգտին:





























