Ամերիկացի զինծառայողներին հրահանգել են հեռանալ Թուրքիայի որոշ շրջաններից՝ «տարածաշրջանում շարունակվող անվտանգության խնդիրների պատճառով»: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ադանայում տեղակայված զինվորական անձնակազմի ընտանիքները՝ ներառյալ Ինջիրլիք ռազմաբազայի, որն ակտիվորեն օգտագործվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, պետք է տարհանվեն: ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության հաղորդագրության համաձայն, պետք է հետ կանչվեն նաեւ Իզմիրում ու Մուղլայում գտնվող զինծառայողներկ ընտանիքները:
«Հասկանում ենք, որ դա հաճելի չէ մեր զինծառայողների ընտանիքների համար, բայց մենք պետք է ապահովենք նրանց անվտանգությունն ու մեր ուժերի մարտական արդյունավետությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում մեր դաշնակից Թուրքիային աջակցելու համար»,- նշել է ամերիկյան գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը:





























