Ռուսաստանցիների ավելի քան կեսը (53 տոկոսը) հավանություն է տալիս ներգաղթյալների մարդկային ռեսուրսը կոմունալ տնտեսության ոլորտում օգտագործելուն։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները։

Միեւնույն ժամանակ հարցվածների 39 տոկոսը բացասաբար է վերաբերվում օտարերկրացիներին որպես սանտեխնիկ եւ դռնապան վարձելու երեւույթին։

Հարցվածների կեսը դրական է վերաբերում ներգաղթյալներին սպասարկման ոլորտում ներգրավելուն, դրան դեմ է արտահայտվել հարցվածների 38 տոկոսը։ Շինարարության ոլորտում օտարերկրացիների աշխատանքին դրական է վերաբերում 42 տոկոսը, իսկ 50 տոկոսը դեմ է, փոխանցում է Lenta-ն։

Ռուսաստանցիներն ամենից քիչ ուզում են  ներգաղթյալների տեսնել տեղական իշխանության մարմիններում։ Դրան դրական է վերաբերում հարցվածների 14 տոկոսը, իսկ դեմ է 75 տոկոսը։ Իրավապահ մարմիններում ներգաղթյալների աշխատանքին դեմ է 72 տոկոսը, կողմ՝ 16 տոկոսը։

Սոցիոլոգները նշում են, որ վերջին 3 տարում ռուսաստանցիներն սկսել են ավելի լոյալ վերաբերվել միգրանտներին կրթության եւ առողջապահության ոլորտում։ Այդուհանդերձ հարցվածների մեծ մասը նշել է, որ միգրանտները չպետք է աշխատեն որպես դայակներ, դաստիարակներ, սպասուհիներ, ուսուցիչներ եւ բժիշկներ։