Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած հեծանվորդ 21-ամյա Արա Փափազյանին հեծանիվը նրա ավագ քույրն էր նվիրել: NEWS.am-ի հետ զրույցում Արայի ընկերը՝ Արման Գաջելյանը, պատմեց, որ երբ Արան բանակում է եղել, նրա քույրը հեծանիվը գնել է, որպեսզի զորացրվելուց հետո եղբորն անակնկալ անի:

«Ասկերանում էր ծառայում, էդ ընթացքում քույրը հեծանիվը նվեր էր առել, որ Արան գա անակնկալ անի: Արան հեծանիվ վարելու դասընթացքների էր գնացել,  սիրում էր հեծանիվ վարել: Բայց բանակից գալուց հետո այնքան էլ լավ չէր կարողանում քշել»,-ասաց Արայի ընկերը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արան մարտի 24-ին՝ դեպքի օրը, հեծանվով գնացել էր ընկերներին տեսնելու: Եղանակը լավ է եղել եւ նա ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ ընկերներին տեսակցության, տունդարձի ճանապարհին էլ նրան գտել են սյան մոտ անգիտակից ընկած:

Արմանի խոսքով, Արայի ընկերները, որոնց նա հեծանվով գնացել էր տեսնելու, պատմել են, որ այդ օրը նա հեծանիվը վատ է վարել:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Արա Փափազյանի հարազատները  պատմել էին, որ դեպքի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ ունեն, սպասում են նախաքննության ավարտին:

 21-ամյա Արա Փափազյանը երեք ամիս առաջ էր բանակից եկել, նա ԵՊՀ ֆիզիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Տան փոքր երեխան, ունի իրենից մեծ քույր:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Արա Փափազյանին գտել են Ավանի Սաֆարյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ գտնվող սյան կողքին անգիտակից ընկած: Նա մարտի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է երիտասարդին պատկանող հեծանիվը: