Տարածքային ընտրական ցուցակներից հրաժարվելը ընդունելի մոտեցում չէ։ Այս մասին մարտի 30-ին խորհրդարանում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Անդրադառնալով տարածքային ընտրական ցուցակները բացառելու եւ ընտրությունները միայն համապետական ցուցակներով անցկացնելու ընդդիմության առաջարկին՝ Հարությունյանը նշեց. «Ես դեմ եմ այդ մոտեցմանը, եւ Կառավարությունում քննարկումները ցույց տվեցին, որ մենք չենք կարող դա ընդունել։ Կարող է պատահել ամենավտանգավորը։ Մարզերը կարող են չզգալ, որ իրենք խորհրդարանում իրենց պատգամավորն ունեն, այսինքն՝ մարզերում ընտրողների ձայնը գործնականում ներկայացված չի լինի խորհրդարանում։ Ես կարծում եմ, որ դա անընդունելի մոտեցում է»։





























