Եթե ՀՀ ԸՕ նախագծի քննարկման նպատակը շոու կազմակերպելն է, այդ դեպքում ընդդիմադիր գործիչները կպահանջեն բաց քննարկում «4+4+4» ձեւաչափով: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանում աշխատանքային քննարկումներից հետո:
«Եթե խոսքը բուն աշխատանքային քննարկման մասին է, բնականաբար ես կողմ եմ փակ քննարկմանը: Հայտնի է, որ երբ տեսախցիկներ կան, յուրաքանչյուրի հռետորաբանությունը կտրուկ փոխվում է», նկատել է Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, շոուն արդյունք չի տալիս, աշխատանքն է արդյունք տալիս: «Եթե նպատակը իրական աշխատանքն է, իրար հասկանալու փորձը, կարծում եմ այդ դեպքում քննարկումը փակ կլինի: Իհարկե յուրաքանչյուրն ազատ է այդ հանդիպումից հետո տեսախցիկների առաջ ասել այն ամենը, ինչ ուզում է»,- հավելել է Հարությունյանւը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ի երեկոյան ՀՀ խորհրդարանում կանցնի առաջին հանդիպումը «4+4+4» ձեւաչափով:





























