Քվեարկածների ցուցակները հրապարակման այլընտրանքը վստահված անձանց հնարավորություն տալն է ծանոթանալ ցուցակներին եւ տվյալներ դուրս գրել։ Այս մասին մարտի 30-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն՝ առաջարկվում է կիրառել հետեւյալ մեխանիզմը. վստահված անձը կարող է ցուցակներից տվյալներ դուրս գրել ձայների վերահաշվարկի ժամանակ։ «Մեր ընդդիմադիր գործընկերները բարձրացնում են հարցը, թե ինչու է դա պարտադիր անել վերահաշվարկի ժամանակ, քանի որ որոշ դեպքերում վերահաշվարկը անհրաժեշտ չէ, իսկ նրանք ցանկանում են ընդամենը ծանոթանալ ցուցակներին։ Դա հաշվի առնելով՝ լուծում ենք գտնել,- նշել է Հարությունյանը,- եթե այդ ընտրատեղամասում ձայների վերահաշվարկի պահանջ լինի, ապա ցուցակներին կարելի է ծանոթանալ այդ գործընթացի ժամանակ։ Քվեարկածների ցուցակների պաշտոնական հրապարակում չի լինելու։ Դա քաղաքացիների գաղտնի քվեարկության իրավունքի ոտնահարում է»։