ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանն այսօր` մարտի 30-ին, ոչ իրավաչափ ճանաչեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանների` 2013թ. օգոստոսի 1-ի  գործողությունները` հիմնավոր համարելով, որ վերջինին երեք ժամից ավելի ապօրինաբար բաժնում են պահել:

NEWS.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ դժգոհ է որոշումից, քանի որ դատարանը, ըստ նրա, պետք է ոչ իրավաչափ ճանաչեր իրեն օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև նստացույց անող ակտիվիստների հետ վրան տեղադրելու համար բաժին տանելը եւ վարչական պատասխանատվության ենթարկելը, մինչդեռ այդ մասով դատարանը բողոքը մերժեց:

«Որոշումից դժգոհ եմ, որովհետեւ 1-ին ինձ ընդհանրապես ապօրինի կերպով  են տարել Երեւանի քաղաքապետարանի դիմացից`բռնություն կիրառելով  եւ խախտելով  իմ իրավունքները: Ինձ բռնի կերպով առեւանգել-տանելն է ինքնին ապօրինի,  սակայն այս մասով դատարանը փաստացի պաշտպանեց ոստիկանության շահերը»,-նշեց վերլուծաբանը` ավելացնելով, որ դատարանը պարզապես այլընտրանք չուներ հիմնավոր չհամարելու, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում իրեն սահմանված ժամկետից երկար են պահել, քանի որ դա փաստող բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել:

Արգիշտի Կիվիրյանը հավելեց, որ իրենք պատրաստվում են վճիռը բողոքարկել ՀՀ Վռաբեկ, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստների հետ Արգիշտի Կիվիրյանը փորձել է տեղադրել վրան, ոստիկանները թույլ չեն տվել, հետո մոտեցել են Կիվիրյանին և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Կիվիրյանի դեմ գործ է հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։ Կիվիրյանը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ այդ օրը ոստիկանների կողմից բռնության ենթարկելու մեղադրանքով։ Ոստիկանության հայցը բավարարվել էր: