«Ռուսական մոլորակ»-ի խմբագրությունում ուղղափառ հոգեւորականը դեւերի արտաքսման ծես է կատարել: Այս մասին հաղորդում է «Դոժդ»-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի:
Հոգեւորականը խմբագրություն է եկել բուրվառով եւ աղոթագրքով: Նա աղոթք է կարդացել, սենյակներում մոմեր դրել եւ սուրբ ջուր ցողել: Այդ կերպ նա տարածքը «մաքրել է նախորդ խմբագրակազմի դիվական ազդեցությունից»:
2014 թվականի նոյեմբերի 28-ին «Ռուսական մոլորակ»-ի սեփականատերերը պահանջեցին աշխատանքից ազատել կայքի խմբագիր Պավել Պրյանիկովին: Ներդրողները, իբր, դժգոհ էին այն հանգամանքից, որ Պրյանիկովի ղեկավարությամբ «Ռուսական մոլորակ»-ը վերածվել է «ձախ ազատական խմբագրության»: Խմբագրի հետ աշխատանքից ազատվել էր նաեւ նախկին աշխատակազմը: Դրանից հետո պարբերականը կտրուկ փոխել է ուղղվածությունը:
«Ռուսական մոլորակ»-ը հիմնվել է 2013 թվականի գարնանը: Այն հովանավորում է «Մորտոն» շինարարական ընկերությունը:





























