Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Ընտրական օրենսգրքի շուրջ լայն համախմբվածություն ապահովելու հարցում: Այդ մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով մարտի 30-ին ԱԺ-ում ԸՕ –ի նախագծի շուրջ կայացած հանդիպմանը, պատգամավորը նշեց, որ ցանկացած քննարկում ընդունելի է. «Վստահ եմ, որ քաղաքական մեծամասնությունը շահագրգռված է հնարավորինս լայն քննարկումներ ծավալել:Վստահ չեմ, որ բոլո՛ր քաղաքական ուժերը նման ցանկություն ունեն»,- նկատել է Լեւոն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իհարկե կան եւ՛ կառուցողական, եւ՛ ապակառուցողական դիրքորոշումներ:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ՀՀ ԱԺ-ում կայացել է իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջին աշխատանքային հանդիպումը՝ ԸՕ նախագծի շուրջ: Հաջորդ հանդիպումը նշանակված է ապրիլի 1-ին դարձյալ ԱԺ շենքում: