Եթե նույնիսկ Հայաստանի ընդդիմությունը ինչ -որ հրաշքով հաղթի ընտրություններում՝ միեւնույն է հասարակությունը վստահություն չի ունենա ընտրությունների նկատմամբ: Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտին:

Նրա խոսքով, Հայաստանում վստահության մակարդակը ցածր է: «Մենք միշտ եղել ենք ու մնում ենք վստահության ցածր մակարդակով հասարակություն: Այդպիսին են նաեւ Իտալիայի ու Հունաստանի հասարակությունները: Դրանք զարգացած ժողովրդավարական պետություններ են, Իտալիան նաեւ աշխարհի ամենազարգացած յոթ երկրներից մեկն է: Բայց մարդիկ իրար չեն վստահում»,- նկատեց Մարտիրոսյանը: Սա, նրա համոզմունքով, ընտրությունների հետ ոչ մի կապ չունի: «Նույն էլ Հայաստանում է՝ մենք իրար չենք վստահում: Սա փաստ է: Ու դա արտահայտվում է նաեւ ընտրությունների ընթացքի վրա: Մարդիկ չեն վստահում ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ ընտրական գործընթացին», - ամփոփեց Լեւոն Մարտիրոսյանը: