«Աբովյան» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող կանայք իրենց հարազատների հետ կապ հաստատելու համար օգտվում են ՔԿՀ-ում գտնվող տաքսոֆոնից, որի համար անհրաժեշտ է ձեռք բերել 1000 դրամ արժողությամբ քարտեր, իսկ դա նրանց համար շատ թանկ է: NEWS.am-ի հետ զրույցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը պատմել է, թե «Աբովյան» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող կանայք ինչպես են օգտվում  հեռախոսակապից, սահմանափակվում է արդյոք նրանց նամակագրությունը, կանայք ունե՞ն կրթության եւ աշխատանքի հնարավորություն:

«Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող կին դատապարտյալները իրավունք ունե՞ն օգտվելու հեռախոսներից ու համացանցից: Այս առումով ի՞նչ սահմանափակումներ են գործում:

Ներպետական օրենսդրության համաձայն՝ կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը եւ քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգերով: Համացանցից օգտվելու իրավունք նախատեսված չէ:

«Աբովյան» ՔԿՀ-ի, որտեղ իրենց պատիժն են կրում ազատազրկված կանայք, հանրակացարանային մասնաշենքի առաջին եւ երկրորդ հարկերում առկա են տաքսոֆոններ, որոնցից կին դատապարտյալները ազատ են օգտվելու հարցում:

Տաքսոֆոնից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան քարտեր: Քարտի արժեքը 1000 դրամ է, ինչը հնարավորություն է տալիս քաղաքային հեռախոսահամարների հետ խոսել մոտ 200 րոպե, բջջային հեռախոսահամարներին զանգահարելիս՝ մոտ 50 րոպե: Տաքսոֆոնից հնարավոր է օգտվել ժամը 8.00-ից մինչեւ 23.00-ն: Դատապարտյալները, սակայն, նշել են, որ իրենց համար թանկ է այդ գինը եւ դժվարությամբ են քարտ ձեռք բերում: Բջջային հեռախոսները ինչպես բոլոր ՔԿՀ-ներում, Աբովյան քրեակատարողական հիմնարկում նույնպես արգելված են:

Իսկ անազատության մեջ գտնվող կանայք նամակագրության իրավունք ունե՞ն: Եթե այո, ինչպիսին է կարգը:

ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն` նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

Պրակտիկան սակայն ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ նամակները ներքին, բովանդակային զննության նույնպես ենթարկվում են:

Միեւնույն ժամանակ պետք է փաստել, որ նամակագրության հնարավորությունից ոչ բոլոր դատապարտյալներն են օգտվում, քանի որ նրանք նախընտրում են ընտանիքի եւ հարազատների հետ հեռախոսով շփվել:

Պրակտիկայում հանդիպած մեկ այլ խնդիր վերաբերվում է նամակագրության համար անհրաժեշտ թղթերին ու ծրարին: Վարչակազմը միայն թուղթ է տրամադրում, իսկ ծրար ու նամականիշ ձեռք բերելը դատապարտյալների համար դժվար է:

Անազատության մեջ գտնվող կինը կրթություն ստանալու հնարավորություն ունի՞, ինչպես է այն կազմակերպվում:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նախատեսված են մի քանի կրթական եւ մասնագիտական խմբակներ: Վերջիններիս մեջ են մտնում կար ու ձեւի ուսուցումը, համակարգչային դասընթացները, անգլերեն լեզվի, հաշվապահության ուսուցանումն ու կավագործությունը: Ուսման ավարտին, որը կարող է տեւել մինչեւ մոտ մեկ տարի, դատապարտյալները համապատասխան վկայականներ են ստանում: Խմբակներին ըդնգրկվելու սկզբունքը հիմնված է կամավորության վրա, եւ բոլոր դասընթացները առաջարկվում են անվճար հիմունքներով: Սակայն, ՔԿՀ-ում դասընթացների պատշաճ կազմակերպման համար ռեսուրսների անբավարարություն կա:

2013 թ. հիմնարկը 10 համակարգիչ է ստացել, սակայն դժվար է ասել, թե այդ համակարգիչները դատապարտյալների կողմից օգտագործվում են, թե ոչ:

Դատապարտյալներն աշխատելու հնարավորություն ունե՞ն, ինչպիսի՞ն են պայմանները:

Աբովյան քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների աշխատանքի հնարավորությունները ապահովվում է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի կողմից, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկում տարբեր ծառայությունների մատուցման միջոցով:

Չնայած առկա հնարավորություններին՝ ՔԿՀ-ում նոր աշխատատեղերի կարիք կա: Դատապարտյալները բազմիցս նշել են աշխատատեղերի անհրաժեշտությունն ու պատրաստակամություն հայտնել ներգրավվել աշխատանքների մեջ, եթե լինի նման հնարավորություն: Դա մի կողմից հնարավորություն կտա իրենց ժամանակը լրացնել, պարապության չմատնվել, մյուս կողմից՝ կանայք կկարողանան հնարավորության սահմաններում հոգալ իրենց ծախսերն ու նվազեցնել իրենց ընտանիքների բեռը:

Ի՞նչ աշխատանքի հնարավորություն ունեն եւ արդյոք վարձատրվում են:

Կանայք կարող են ներգրավվել որպես սննդի պահեստի բանվոր, խոհարար, մակարոնեղենի գործարանի բանվոր-աշխատակիցներ, սանհանգույցի մաքրությամբ զբաղվող, լվացքատան և լոգարանի հսկիչ և այլն: Կանայք կարող են աշխատել նաև կարի արտադրամասում, որտեղ հիմնականում զբաղվում են անկողնու սպիտակեղեն կարելով: Ներգրավվում են նաև գորգագործության աշխատանքներում: Վերջիններիս տրվող աշխատավարձի համար ադմինիստրացիայի կողմից առանձին բանկային հաշիվներ են բացվում և աշխատավարձերը փոխանցվում են այդ հաշիվներին: Դատապարտյալները կանխիկ գումար, որպես այդպիսին, չեն ստանում: