Ադրբեջանի իշխանությունները գրող Աքրամ Այլիսլիին թույլ չեն տվել Վենետիկի գրական փառատոնին հանդես գալ  «Իշխանությունը եւ գրողը» զեկույցով:  

Բաքվի օդանավակայանի ոստիկանության կողմից 15 ժամով կալանքի առնվելուց հետո Աքրամ Այլիսլին Turan գործակալությանը հայտնել է, որ իր դեմ քրեական գործ են նախապատրաստում սահմանապահ ծառայության աշխատակցի դեմ ֆիզիկական բռնություն կիրառելու մեղադրանքով:  

Հիշեցնենք, որ մարտի 30-ին մոտավորապես առավոտյան հինգին Այլիսլին սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Վենետիկի գրական փառատոնին մեկնելիս եւ ազատ է արձակվել միայն ժամը 20:00-ին:

«Սահմանապահներն ինձ թույլ չտվեցին անձնագրային ստուգում անցնել` հայտնելով, որ իմ մեկնման վրա արգելք է դրված: Հետո ինձ եւ իմ ուղեբեռը հինգ անգամ ստուգեցին մաքսային աշխատողները սահմանային ծառայության մասնակցությամբ, ընդհանուր առմամբ` ութ մարդ», — ասել է Այլիսլին:

Հետո նրան հանձնել են ոստիկանությանը, որտեղ նա մնացել է մինչեւ ուշ երեկո: ՆԳՆ-ի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով, Այլիսլին ձերբակալվել էր մաքսատան աշխատողի հետ վիճաբանության պատճառով: 

«Մաքսատան աշխատակիցներից մեկն իմ դեմ ցուցմունք տվեց, իբր ես իր կրծքին եմ հարվածել փակ տարածքում, որտեղ անվտանգության տեսախցիկներ չկան, այն էլ այնպես, որ նրա մարմնին կապտուկ է առաջացել», - ասել է 78-ամյա գրողը:

Այլիսլին կարծում է, որ իրեն կալանելու նպատակն էր թույլ չտալ իր մասնակցությունը  վենետիկյան գրական փառատոնին: «Ես պիտի զեկույցով հանդես գայի, որը «Իշխանությունը եւ գրողը» պայմանական վերնագիրն ուներ, եւ իմ ելույթը սպասում էին», — ասել է Այլիսլին: