Մարտի 30-ին, ժամը 1-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վահե Թ.-ն եւ հայտնել, որ իրենք հետապնդում են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով գողություն կատարած անձանց, որոնք Արտաշատի տարածքում են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Ոսկետափ գյուղում անհայտ անձինք փորձել են գողություն կատարել 25-ամյա Վալերիկ Հ.-ին պատկանող անասնագոմից, սակայն բակում հանդիպելով Վալերիկ Հ.-ի եղբորը` 24-ամյա Հայրապետ Հ.-ին, ոչինչ չգողանալով՝ նշված ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Նույն օրը ոստիկանության ծառայողները պարզել են, որ 25-ամյա Անդրանիկ Գ.-ն եւ 25-ամյա Արթուր Խ.-ն մարտի 19-ի ժամը 23-ից մինչեւ մարտի 20-ի ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում Վալերիկ Հ.-ի անասնագոմից գողացել են 4 գառ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն օրը, ժամը 02.15-ին, ոստիկանության Արարատի եւ Արտաշատի բաժինների ծառայողները փախուստի դիմած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել են Արարատի մարզի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում եւ տեղափոխել Արարատի բաժնի հատուկ պահպանվող հրապարակ:

Ժամը 05.45-ին ոստիկանության ծառայողները Արարատի մարզի Մխչյան գյուղի միջհամայնքային ճանապարհից Արարատի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Անդրանիկ Գ.-ին, 26-ամյա Արթուր Խ.-ին, 25-ամյա Արսեն Կ.-ին եւ 17-ամյա Ն. Հ.-ին, որոնք խոստովանել են կատարածը:

Կատարվում է քննություն: