ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի, ապա Լոռու մարզային քննչական վարչության վարույթում շուրջ 10 ամիս կատարված նախաքննությունից հետո, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով մարդուն առեւանգելու եւ ապօրինի կերպով հրազեն պահելու վերաբերյալ քրեական գործը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ռուբեն Սարգսյանի կազմակերպմամբ եւ Արա Գրիգորյանի օժանդակությամբ, Հովհաննես Թորիկյանը եւ Գոռ Բարսեղյանը, ով ապօրինի կերպով կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ-գնդացիր, բռնություն գործադրելով Սպիտակ քաղաքից առեւանգել են Էդգար Գյուլազյանին` ցանկանալով վերջինիս տեղափոխել Գյումրի` Ռուբեն Սարգսյանին ունեցած պարտքը չվերադարձնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու նպատակով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, Գոռ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, Արա Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Քրեական գործով նաեւ որոշումներ են կայացվել քննությունից թաքնված Հովհաննես Թորիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանք ընտրելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Հիշեցնենք, որ դեռեւս ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Ռուբեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել էր կալանավորումը, որը փոխարինվել էր գրավով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուբեն Սարգսյանը խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ուստի համապատասխան հիմնավորմամբ միջնորդություն էր ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը փոխարինելու եւ կրկին կալանավորելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել էր:
Ռուբեն Սարգսյանի, Գոռ Բարսեղյանի եւ Արա Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն անջատվել է հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Թորիկյանի վերաբերյալ գործից եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:





























