Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 31-ին, մեղադրողը 4 տարի եւ 6 ամիս ազատազրկում է պահանջել Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում 2014թ. դեկտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ դանակահարված 17-ամյա Տիգրան Գեւորգյանին դանակահարելու մեջ մեղադրվող Նարեկ Ադամյանի համար: NEWS.am-ի հետ զրույցում տուժողի՝ Տիգրան Գեւորգյանի մայրը՝ Արմինե Ղաբուզյանը՝ նշեց, որ մեղադրողի պահանջած պատիժը քիչ է եւ Նարեկն ավելի խիստ պատժի պետք է ենթարկվի:
«Ինքը իմ տղային դանակահարել է, առողջությանը մեծ վնաս է հասցրել, նրա համար մեղադրողի պահանջածը շատ քիչ է»,-ասաց նա:
Նշենք, որ Տիգրան Գեւորգյանի հարազատները Տիգրանի դանակահարելու մեջ մեղադրվող Նարեկ Ադամյանի հարազատներից նաեւ պահանջում են 10 միլիոն դրամ` որպես Տիգրանի բուժման ծախսերի փոխհատուցում, սակայն պաշտպանական կողմը հրաժարվել է բուժման ծախսերի փոխհատուցումից` հիմնավորելով, որ հնարավորություն չունեն:
Ավելի վաղ Արմինե Ղաբուզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին` Տիգրանը, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել, մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով տեսողությունը սկսել է թուլանալ, Տիգրանը զրկվել էր քայլելու ունակությունից։ Հետագայում Տիգրանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել, որից հետո որոշ չափով սկսել է նրա տեսողությունը վերականգնվել:
Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դանակահարության դեպքով դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները: Դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել են ամբաստանյալ Նարեկ Ադամյանի մայրն ու քույրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին:
Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն:
Նարեկ Ադամյանը կալանավորված է:



























