Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ ներկայացված հայցը։
ԼՂՀ բնակիչ Էդիսոն Ադյանը հայց էր ներկայացրել NEWS.am-ի դեմ զրպարտությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջի մասին։ Այս տարվա փետրվարի 26-ին հրապարակվել է դատական ակտը, համաձայն որի՝ Էդիսոն Ադյանի հայցը մերժվել է, նաեւ նրա վրա դրվել է դատական ծախսերը հատուցելու պարտականությունը։
Հիշեցնենք, որ Էդիսոն Ադյանը հայց էր ներկայացրել 2014թ. դեկտեմբերի 26-ին NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության կայքում հրապարակված «Երեւանի բնակչուհին պնդում է, որ իր նորածին երեխային ծննդատան բժիշկը վաճառել է» հոդվածում տեղ գտած հրապարակման համար, դատարանից խնդրելով պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հոդվածում առկա տեղեկությունները վճարել 2 մլն դրամ որպես փոխհատուցում։
Նշենք, որ ըստ հոդվածի՝ Երեւանի բնակչուհի, 35-ամյա Ն. Ն.-ն պնդում էր, թե արտամուսնական կապից ծնված իր երեխային 3 օր հետո՝ ծննդատնից դուրս գրվելուց րոպեներ անց, գողացել են: Մոր պնդմամբ՝ երեխայի առեւանգման մեջ մեղավոր է «Դավիթ Անհաղթ» բուժհիմնարկի բժիշկ Կալուստյանը, որը չարաշահելով իր վստահությունը՝ ստիպել է ստորագրել Էդիսոն Ադյանի հայրությունը ճանաչող փաստաթուղթը:
Մեկնաբանելով դատարանի կայացրած դատական ակտը՝ NEWS.am-ի ներկայացուցիչ, «Արես» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ դատավոր Անի Մխիթարյանի կողմից կայացվել է արդարացի դատական ակտ։




























