Սան Ֆրանցիսկոյում կայացած XVI միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների մրցույթում Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե, իսկ ԱՐԱՐԱՏ 5 աստղ կոնյակը արծաթե մեդալի: Ամեն տարի անցկացվող Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին եւ դասվում է աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ մրցույթների շարքին: Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 1850 խմիչքներ ամբողջ աշխարհից: Մրցույթի մասնագիտացված հանձնաժողովը, որը կազմված էր 39 անդամից, իր աշխատանքներն իրականացրել է մարտի 17-ից 20-ը:
Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ողջ պատմության ընթացքում:
Բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից:
Ախթամար կոնյակն արտահանվում է աշխարհի 30 երկրներ եւ մարմնավորում է Երեւանի կոնյակի գործարանի մշակութա-հումանիտար գործունեության ուղղություններից մեկը՝ «ԱՐԱՐԱՏ. Արվեստների Հավաքածու» նախագիծը: Այն սկիզբ է առել 2012 թվականին եւ յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ախթամար կոնյակի սահմանափակ խմբաքանակ յուրովի փաթեթավորմամբ արվեստի եւ հայկական կոնյակի իրական սիրահարների համար: Տարբեր տարիներին «Արվեստների Հավաքածու» են կազմել սահմանափակ թողարկումներ, նվիրված թատրոնին, Սերգեյ Փարաջանովին եւ Հայաստանի մշակութային ժառանգությանը: Նման փաթեթավորումների վրա աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Պավել Կապլեւիչն ու Գարեն Բեդրոսյանը:
Ախթամարն ունի սաթի հիասքանչ գույն` պղնձային գուներանգներով: Աշխույժ եւ նրբագեղ բույր. փնջում գերիշխում են վանիլի եւ սալորաչրի նրբաբույրով մեղրամոմի, ընկույզի եւ կաղնու կեղեւի երանգները: Ավարտուն, քաղցրավուն համը բացահայտվում է աստիճանաբար եւ պարգեւում երկարատեւ, դյութող հետհամային զգացողություն: Հետհամային նուրբ չորությունը ստվերարկվում է դարչինի երանգներով:
Երեւանի կոնյակի գործարանը՝ ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը եւ խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին Երեւանի կոնյակի գործարանը անդամակցել է պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի):
































