Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Տուլայում 2015թ. նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի գործով մեղադրյալ Գառնիկ Հարությունյանի փաստաբանների հետ:

«Գառնիկ Հարությունյանը գտնվում է մեր մշտական ուշադրության տակ, փաստաբանների հետ կապի մեջ ենք: Գառնիկ Հարությունյանն իր պահման պայմաններից, առողջական վիճակից որեւէ դժգհություն, բողոք չունի»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին դեսպանատնից:

Նշենք, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է: Սպասվում է, որ մայիսին արդեն դատավարությունը կսկսվի:

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

Վթարված ավտոբուսը պատկանում է «Քինգ Դելյուքս»-ին: