105-ամյա Մովսես Գանեշյանը տեսավ Արեւմտյան Հայաստանում մնացած իր տան լուսանկարը: Նա արտասվեց, իսկ հետո սկսեց խոսել, գրեթե երգել. «Իմ տուն... Իմ Հայաստան»: Նա սկսեց դիպչել լուսանկարին, իսկ հետո համբուրել սեփական ձեռքերը:
Վերջին անգամ Մովսեսն իր տունը տեսել է 5 տարեկանում: Երբ զինվորները նրա գյուղ են մտնում, նա հոր հետ փախչում է: «Ճանապարհի կեսը մեռյալներով էր պատված»,- Մովսեսի խոսքերն է մեջբերում բրիտանական «The Guardian»-ի հրապարակման հեղինակ Թոմ Սեյմուրը:
«2013 թվականին ես Հայաստանում էի, որպեսզի զրուցեմ Մովսեսի եւ 9 այլ վերապրածների հետ: Սակայն միայն երեքը համաձայնեցին խոսել՝ Մովսես Գանեշյանը, Եպրաքսիա Բարսեղյան-Գեւորգյանը եւ Մարիամ Սահակյանը: Մենք պարզեցինք, թե որտեղ են գտնվում նրանց լքված գյուղերը: Քարտեզի վրա գտա այն ամենը, ինչ նկարագրեց Մովսեսը. ծովը, ծառերը, նույնիսկ քարերի կույտը, որը նախկինում գյուղի եկեղեցին էր եղել: Նրա՛ եկեղեցին:
Եպրաքսիան հիմա 108 տարեկան է: Նա գետի մյուս ափն է փախել եւ տեսել, թե ինչպես են հայերին սպանում ու ջուրը նետում: Ասում է՝ արյունից գետի ջրերը կարմիր էին:
102-ամյա Մարիամը Սիրիա է փախել մոր եւ ավագ եղբոր հետ, որին աղջկա շորեր են հագցրել, որպեսզի չսպանեն: Նրանք թուրք զինվորներից թաքնվել են խոտերում: Գիշերը քայլել են, ցերեկը՝ թաքնվել: Բայց երբ Սիրիա են հասել, նրան բաժանել են ընտանիքից:
Ես լուսանկարեցի այն ամենը, ինչ մնացել էր յուրաքանչյուր գյուղում, եւ լուսանկարները բերեցի այդ մարդկանց: Ծերունիները գրկում էին դրանք՝ կարծես փորձելով դրանց մեջ մտնել:
Նրանցից յուրաքանչյուրին հարցրեցի, թե ինչ կարող եմ անել իրենց համար: Մովսեսը խնդրեց գտնել եկեղեցին ու այնտեղ իր լուսանկարը թողնել: Եպրաքսիան խնդրեց գտնել ավագ եղբորը, չնայած նրանից միայն մի նկար ուներ: «Որբանոցում նա ինձ ուսերին դրած ման էր ածում: Նրա մասին գրեթե ոչինչ չեմ հիշում, միայն այն, որ նրա աչքերն էլ երկնագույն էին, ինչպես իմը»:





























