Ճանապարհային ոստիկանությունը բողոքարկելու է ՀՀ վարչական դատարանի որոշումը, որը բավարարել էր արագությունը գերազանցելու համար տուգանված փաստաբան Ռուզաննա Ազրոյանի բողոքը:

Այս առնչությամբ, ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանի պարզաբանում է ներկայացրել, որտեղ նշել է հետեւյալը.

«Նշված վճիռը կայացվել է մարտի 29-ին, որը դեռեւս ուժի մեջ չի մտել եւ գտնվում է բողոքարկման ժամանակահատվածում:

Ճանապարհային ոստիկանությունը համակարծիք չլինելով վճռի եզրափակիչ մասի հետ բողոքարկելու է վերաքննիչ դատարանում, եւ եթե կարիք լինի, նաեւ Վճռաբեկ դատարանում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբան Ռուզաննա Ազրոյանը ճանապարհային ոստիկանության կողմից տուգանվել էր Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության վարչական շենքին հարող ճանապարհահատվածում 57 կմ/ժամ արագությամբ մեքենա վարելու համար, մինչդեռ ըստ ոստիկանների՝ այդ տարածում թույլատրելի արագությունը 40 կմ/ժամն է։ Փաստաբանը բողոքարկել էր վարչական ակտերը, եւ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ վճիռ է կայացրել՝ բավարարելով փաստաբանի դիմումը։

Վճիռն աննախադեպ է նրանով, որ հաստատվել է, թե Հայաստանի տարածքում տեղադրված «40» կմ/ժ արագություն սահմանող նշանները տեղադրման օրվանից ի վեր եղել են ոչ իրավաչափ եւ մինչեւ օրս վարչական մարմինը քաղաքացիները ենթարկել են վարչական պատասխանատվության՝ հիմքում դնելով ոչ իրավաչափ վարչական ակտ:

Փաստաբանի հաղթանակը՝ փայլուն նախադեպ բոլոր վարորդների համար