Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին հարող դիտահորում մարտի 31-ին վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս գազի արտահոսքից թունավորված չորս քաղաքացիներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:
Բժիշկը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 25-ամյա Հայկ Սարգսյանի վիճակը կայունացել է, նրան միացված արհեստական շնչառական ապարատը անջատվել է:
«Արդեն գիտակցության է եկել: Մեծառ էր, հիմա նստում է, խոսում է»,-ասաց բժիշկը:
Սամվել Կարապետյանը նշեց, որ իրենց բուժօգնության են դիմել սկզբում չորս, ապա վեց քաղաքացի, որոնցից հինգը գազի վարչության աշխատակիցներ են եղել, իսկ մեկը՝ ԱԻՆ աշխատակից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 4 քաղաքացի մեթան գազի թունավորմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը հայտնել էր, որ տեղափոխված քաղաքացիներից 25-ամյա Հայկ Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուս երեքի վիճակը միջին ծանրության է:



























