Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ ապրիլի 1-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում ընդունել է Երկրապահ կամավորականների ﬕության (ԵԿՄ) վարչության անդամներին` գլխավորությամբ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, եւ քննարկել երիտասարդ սերնդին կրթելու հարցը:

Միասնական Տերունական աղոթքից հետո խոսք ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` ներկայացնելով ԵԿՄ առաքելությունն ու գործունեությունը, ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ իրականացվող ծրագրերը: ԵԿՄ նախագահն առանձնահատուկ կերպով ընդգծեց Մայր Աթոռի եւ միության միջեւ ձեւավորված գործակցության կարեւորությունը հատկապես երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով կրթելու գործում:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց միության անդամներին:

Ընդգծելով Արցախի պաշտպանության գործում երկրապահների ունեցած կարեւոր ծառայությունը` Նորին Սբությունը նշեց, որ երկրապահների այդ հաղթական ոգին ու գիտակցությունը նաեւ ԵԿՄ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ շարունակելու են ապրել սերնդեսերունդ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր ուրախություն հայտնեց, որ այսօր երկրապահները շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել կարեւորագույն մի ոլորտում` մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, Հայրենիքի արժանավոր զավակը լինելու գիտակցության կերտման գործում: Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Եկեղեցու ու ԵԿՄ-ի միջեւ առկա սերտ գործակցության համար` ավելացնելով, որ Հայ Եկեղեցին կշարունակի զորակցություն բերել նրանց ծրագրերին ու իրականացվող գործունեությանը:

Այս առիթով Նորին Սրբությունն աղոթքով վերհիշեց բոլոր այն հայորդիներին, ովքեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար իրենց կյանքերն են ընծայաբերել` նշելով, որ նրանց շնորհիվ են կերտվել հայ ժողովրդի հաղթանակները: Հայոց Հայրապետը հավելեց, որ այսօր այդ քաջերի նահատակության ոգին է խաղաղ պահում հայրենիքի սահմանները:

Վերջում Գարեգին Բ Վեհափառը վստահություն հայտնեց, որ Աստծու օրհնությամբ հայ ժողովուրդը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, կկարողանա իր քաջարի զավակների ծառայության ու նվիրումի արդյունքում ապրել խաղաղության մեջ` կառուցելով իր բարօր ու առաջընթաց կյանքը: