Հայ-թուրքական սահմանը 2015թ. հոկտեմբերին հատած, Աֆղանստանի քաղաքացիներ, ազգությամբ թուրք Շոքաթ Ամինզայի եւ աֆղան Սեդիղոլլահ Ալիզադեի գործով նշանակված առաջին դատական նիստը հետաձգվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրանց փաստաբան Լուիզա Հարությունյանը:

Գործը դատարան էր ուղարկվել դեռեւս անցած տարվա նոյեմբերի վերջին: Դատավարությունը չէր սկսվում, քանի որ սահմանը հատած տղամարդիկ դիմել էին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայությանը՝ փախստական վիճակ ստանալու համար: Ծառայությունը, սակայն, օրերս մերժել էր դիմումը: Դատական նիստ էր նշանակվել ապրիլի 1-ին:

«Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 4-ին»,- ասաց Լուիզա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սահմանը հատած Ամինզան ու Ալիզադեն իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենց երկրից են փախել եւ հայտնվել են երրորդ երկրում, նույնիսկ սկզբում չեն իմացել, թե որ երկրի սահմանն են հատում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Շոքաթ Ամինզային նախնական համաձայնության է եկել Սեդիղոլլահ Ալիզադենի հետ եւ հոկտեմբերի 6-ին հատել են հայ-թուրքական սահմանը, սակայն բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: