Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարտի 31-ի խուզարկությունները, քննչական եւ դատավարական գործողությունները իրականցվել են քաղաքում բնակարանային գողությունները բացահայտնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Կատարված խուզարկությունների արդյունքում Գյումրի քաղաքի բնակիչ, 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է «Նագան» մոդելի 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակը: 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Որպես կասկածյալ՝ 56-ամյա տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ ձերբակալվածը Գյումրիի շուկայի սեփականատերերից Ռուդիկ Խոջոյանն է (Շարամը):

Նշենք, որ համապատասխան ստորաբաժանումների կողմից քաղաքում խուզարկություններն իրականացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:

Գործով պարզվել է՝ 2015 թ.սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18-ից մինչեւ 23-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել  է քաղաքացի Գ.Հովհաննիսյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, կանխիկ գումար, բնակարանի սեփականատիրոջ ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը: Նա ճանաչվել է որպես տուժող:

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում 2015 թ. սեպտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի  1.1-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:

2015թ. նոյեմբերի 6-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործով վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)  կասեցնելու մասին:

2016թ. մարտի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ Գ.Հովհաննիսյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերի գտնվելու հնարավոր վայրերի մասին և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել գողոնի գտնվելու հնարավոր վայրերի հասցեները։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:

Միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մի շարք անձանց բնակարաններում, նրանց վարձակալած սպասարկման օբյեկտներում, ավտոմեքենաներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք 30.03.2016 թ. բավարարվել են:

Բնակարանային գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Որպես կասկածյալ՝ 56-ամյա տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ:

Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում Է: