Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված եւ երկու տարի պայմանական ազատազրկման եւ 1 տարի վարորդական իրավունքից զրկված Արամ Գրիգորյանը դժգոհ է դատարանի կայացրած որոշումից: NEWS.am-ի հետ զրույցում Արամ Գրիգորյանը նշեց, որ դատարանը դատավճիռը կայացրել է առանց հիմնավոր ապացույցների, ինքն համաձայն չէ փորձաքննության արդյունքների հետ, ըստ որի մեքենան վարել է հեռակա լույսերը միացրած, մինչդեռ ինքը պնդում է, որ միացրած է եղել մեքենայի մոտակա լույսերը: Բացի այդ Արամ Գրիգորյանն աշխատում է տաքսի ծառայություններից մեկում` որպես տաքսու վարորդ եւ այդ աշխատանքով է կարողանում պահել իր ընտանիքը, նրա խոսքով` այս դատավճռով իրեն զրկեցին իր աշխատանքից եւ ընտանիքը պահելու հնարավորությունից:
«Որեւէ մի ապացույց չկա, որ ես հեռահար լույսերն եմ միացրած եղել, բացի այդ էս դատավճռով ինձ զրկեցին աշխատելու հնարավորությունից եւ դարձրին բոմժ: Ես էս ընթացքում մոտ 9 միլիոն դրամի պարտք եմ կուտակել, ոնց եմ դրա տակից դուրս գալու, ոնց եմ աշխատելու ու պահելու իմ երկու անչափահաս երեխաներին` չգիտեմ»,-ասաց Արամ Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արամ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել երկու տարի պայմանական ազատազրկման եւ մեկ տարի վարորդական իրավունքից զրկման:
Նշենք, որ մեղադրողը Արամ Գրիգորյանի համար պահանջել էր 2.5 տարի ազատազրկում: Տուժող կողմը խնդրել էր պատժիը պայմանականորեն չկիրառել, իսկ ամբաստանյալի պաշտպանը՝ արդարացման դատավճիռ կայացնել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ:
Արամ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ տվյալ տարածքում նախատեսված թույլատրելի արագությունը չի գերազանցել, եւ չի պատկերացրել, որ այդ տարածքում մինչ-որ մեկը կարող էր լինել։ Նրա խոսքով կինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ պառկած է եղել փողոցի բանուկ հատվածում։





























