ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող,  20-ամյա Վլադիմիր Մելքոնյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր:

NEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը հայտնեց, որ Վլադիմիրը ընտանիքի կրտսեր զավակն էր, ապրում էր մոր եւ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած եղբոր հետ,  հայրը մահացել է 1998թ. հիվանդության պատճառով: Ընտանիքը սոցիալապես անապահով է: 

«Դեռ մորը ոչինչ չեն ասել: Զինկոմից փորձում են կապվել եղբոր հետ, որպեսզի վերադառնա եւ ինքը մորը հայտնի լուրը»,-ասաց Կարինե Լալազարյանը:

Տնօրենի խոսքով՝ Վլադիմիրը գերազանցությամբ ավարտել է դպրոցը ապա, ընդունվել է Երկաթգծի ուսումնարան, որը եւս գերազանցությամբ ավարտել է:

Վլադիմիրը մի քանի ամսից կզորացրվեր:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող,  20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վ. Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Երրորդ կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: