2016 թվականին Հայկական ԱԷԿ-ում վերանորոգում կիրականացվի սեպտեմբեր-նոյեմբերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԱԷԿ-ի փոխտնօրեն Գերա Սեւիկյանը:

Ըստ ժամանակացույցի, պլանային վերանորոգման աշխատանքները կընթանան սեպտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 18-ը: Կարճ ժամկետում հսկայածավալ աշխատանքներ են նախատեսվում:

«Մենք կստուգենք ռեակտորի բոլոր 5 հիմնական բաղադրիչները: Դա հսկայական գործ է, երեք հերթափոխով շուրջօրյա աշխատանք, որպեսզի կարողանանք ավարտել 60 օրում: Իսկ աշխատանքների համար նախատեսված զուտ ժամանակն ավելի պակաս է՝ շուրջ 40 օր, քանի որ անջատումից հետո 10 օր ռեակտորն ու սարքավորումները պետք է հովանան, իսկ վերջին 10-15 օրերին՝ փորձարկվեն, կարգի բերվեն եւ գործարկվեն: Այսպիսի ժամկետներում նման ծավալի աշխատանքը բացառիկ է ատոմային էներգետիկայի ոլորտում»,- նկատեց Սեւիկյանը:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման շուրջ աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարությունից ստացված 270 մլն դոլարի չափով վարկի եւ 30 մլն դոլարի դրամաշնորհի շրջանակում: Էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ ծրագրվում է ավարտին հասցնել նոր էներգաբլոկի շինարարությունը: