Արդիականացումից հետո Հայկական ԱԷԿ-ն ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի՝ առանց վառելիքի լրացուցիչ ծախսերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԱԷԿ-ի փոխտնօրեն Գերա Սեւիկյանը:

Կայանում սարքավորումների փոխարինման աշխատանքների հիմնական մասը կարվի 2018 եւ 2019 թվականներին: Դրանց արդյունքում էներգաբլոկը կկարողանա տարեկան լրացուցիչ 200 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրել՝ առանց վառելիքի հավելյալ ծախսերի: «Հասկանալի է, որ սա նշանակում է էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազում եւ, համապատասխանաբար, ստացված վարկային բեռի մեղմացում»,- նշեց ՀԱԷԿ փոխտնօրենը:

Մասնավորապես, 2018 թվականին ծրագրվում է մեկ տուրբոսարքավորման ամբողջական արդիականացում: Այս աշխատանքները ենթադրում են աշխատանքի արդյունավետության բարձրացում եւ, համապատասխանաբար, տուրբոսարքավորման հզորության ավելացում:

2019 թվականին կարդիականացվի նաեւ երկրորդ տուրբոսարքավորումը, զուգահեռաբար նաեւ այլ փոքր աշխատանքներ կիրականացվեն:

Առանձին եւ կարեւոր տեղ ունի անվտանգության բարձրացման ուղղությամբ նոր միջոցառումների իրականացումը: Դրանցից խոշորագույնը վթարային սառեցման ռեակտորի համակարգի արդիականացումն է, որը պարտադիր է բոլոր կայանների անվտանգության համար:

«Մեզ մոտ, փառք Աստծո, այն գործածելու կարիք երբեք չենք ունեցել եւ, հուսով, եմ, չենք ոնենա: Բայց այն պետք է ավելի բարձր մակարդակի բերվի»,- հայտարարեց Սեւիկյանը:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման շուրջ աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարությունից ստացված 270 մլն դոլարի չափով վարկի եւ 30 մլն դոլարի դրամաշնորհի շրջանակում: Էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ ծրագրվում է ավարտին հասցնել նոր էներգաբլոկի շինարարությունը: