Ռուսական Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովին սպանած Ալփարսլան Չելիքին ոստիկանությունը ձերբակալել է զենի մասին օրենքը խախտելու համար: Այս մասին հաղորդել են թուրքական լրատվամիջոցները: Հաղորագրություն է տարածվել նաեւ խարդախությանը Չելիքի մասնակցության մասին:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Չելիքին դատելու են ապօրինի զենք կրելու, այլ ոչ սպանության համար: Նշվում է, որ մեղադրյալին հարցաքննած դատախազը խնդրել է պարզաբանել օդաչուի մասին հայցը, սակայն Չելիքի պաշտպանը հայտարարել է, որ դա գործին չի առնչվում:
Ձերբակալությունից հետո ոստիկանությունը տղամարդու բնակարանում խուզարկություն է կատարել՝ առգրավելով ավտոմատ, մի քանի ատրճանակ, որսորդական հրացան, ռադիոկապի միջոցներ:
Հայտնի է, որ Չելիքը նախկինում 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն, անհայտ պատճառներով, պատիժը չի կրել:
Այլ աղբյուրներ էլ հաղորդում են, որ Չելիքին մեղադրում են սիրիացի թուրքմենների օգնության համար հավաքված միջոցները յուրացնելու, կեղծ փողերի իրացման, ինչպես նաեւ իր համախոհներից մեկի բանտից փախուստը կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը թուրքական F-16 կործանիչները խոցել էին 2015 թվականի նոյեմբերին: Այն ընկել էր սիրիական տարածքում, Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորությամբ: Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովը դուրս էր նետվել օդանավից եւ գնդակահարվել ցամաքից՝ սիրիացի թուրքմենների կողմից վերահսկվող տարածքից:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ռուս օդաչուին սպանողին նախօրեին ձերբակալել են Իզմիրի ռեստորաններից մեկում, ուր նա եկել էր զենքով:





























