2014-ին ՀԱԷԿ-ի արտապլանային կանգառը միանգամից ազդեց հոսանքի սակագների վրա: Իսկ թե ինչ էր նշանակում 1995 թվականին կայանի վերագործարկումը՝ ավելորդ է հիշեցնել: Ատոմակայանի գեթ մեկ չաշխատած օրը մեծ կորուստ է, այդ պատճառով ատոմային էլեկտրակայանի կյանքի երկարացման աշխատանքները կիրականացվեն առանց միջազգային պրակտիկայում կիրառվող երկար կանգառի:

Հայաստանի էներգետիկներն անհնարինը հնարավոր են դարձնում արդեն երկրորդ անգամ: 6-ամյա ընդմիջումից հետո ատոմակայան վերակգործարկելը նույնպես նախադեպ չուներ: Ընդ որում, անվտանգության մասին հոգ են տանում մինչեւ վերջին մանրուքը: 1995 թվականից ի վեր այդ նպատակով ավելի քան 150 մլն դոլար է ծախսվել: ՀԱԷԿ-ի կյանքի երկարաձգման՝ արդեն մեկնարկած աշխատանքների մանրամասները NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց կայանի փոխտնօրեն Գերա Սեւիկյանը:

Փակման ենթադրվող ժամկետում՝ 2026 թվականին, Հայկական ԱԷԿ-ը ծառայած կլինի 40 տարի: Հիմա «Ռոսատոմ»-ը նախատեսում է Ռուսաստանի մի շարք ԱԷԿ-ների կյանքը երկարաձգել՝ հասցնելով 60 տարվա: Նման պոտենցիալ մեր կայանն ունի՞:

Այդ կայանների կյանքը երկարաձգում են արդեն երկրորդ-երրորդ անգամ: Սովորաբար, առաջին անգամ երկարաձգում են 10 տարի, եւ արդյունքներից պարզ է դառնում, թե հետագայում որքան կարելի է երկարաձգել:

Մենք նախատեսում ենք փոխարինել առանցքային նշանակության մեծ թվով սարքավորումներ: Սովորաբար դրանց շահագործման նախագծային ժամկետը 30 տարի է: Պարզ է, որ 10 տարվա երկարաձգումից հետո դրանք դեռեւս 20 տարվա աշխատանքային պաշար կունենան: Բայց ատոմային էներգիայի օբյեկտի կյանքը որոշվում է դրա գլխավոր՝ անփոխարինելի բաղադրիչների կյանքով. դրանք են ռեակտորը, շոգեգեներատորները, ծավալի կոմպենսատորը: Պետք է ապացուցենք, որ այդ սարքավորումներն ունակ են անվտանգ եւ հուսալի աշխատել հավելյալ ժամանակահատվածում, քանի որ այդ սարքավորումների փոխարինման արժեքը հավասար է (եթե ոչ ավելի) նոր էներգաբլոկի կառուցմանը: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, բայց առօրյայում՝ անիրագործելի:

Իսկ ինչպիսի՞ն է այդ սարքավորումների ռեսուրսը մեր կայանում:

Մեր կայանի օգտին մեկ փաստարկ կա: 2-րդ՝ գործող էներգաբլոկում, ի տարբերություն առաջինի, ռեակտորի պատյանը ներսում չժանգոտվող մետաղից հավելյալ շերտ ունի՝ 9 մմ հաստությամբ: Նախ՝ սա պաշտպանում է կոռոզիայից, երկրորդ՝ ստեղծում է ոչ մեծ, բայց զգալի պատնեշ, որը փոքր-ինչ պակասեցնում է նեյտրոնների հոսքը՝ մեղմացնելով նեյտրոնային փխրունությունը, որը ռեկտորի պատյանի մետաղի դեգրադացիայի հիմնական գործոնն է:

Հենց այս գործոնն էլ որոշում է ռեակտրի պատյանի հուսալիությունն ու երաշխավորված պաշտպանվածությունը: Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի հատուկ ծրագրով նեյտրոնային հոսքի, ինչպես նաեւ ռեակտորի ամբողջ ակտիվ գոտիով դրա տարածման չափումներ են կատարվել: Ռեակտորի ներքին մակերեսից նմուշներ են վերցվել եւ ուսումնասիրվել: Ստացված տվյալները հիմք են ծառայել կուտակված հոսքի քանակության հաշվարկի եւ նեյտրոնային ներգործության գնահատականի համար: Արդյունքները բավական լավատեսական էին. մեր ռեակտորի զուտ նեյտրոնային ռեսուրսը գնահատվում է 35 տարի՝ ոչ պակաս: Բացի այդ, հատկությունները կորցրած մետաղը հնարավոր կլինի աշխատանքային վիճակի բերել ջերմային մշակման (թրծման) միջոցով, բայց դրա համար, ինչպես տեսնում ենք, դեռեւս շատ ժամանակ կա: 

Այսինքն՝ շահագործման ժամկետի երկարաձգման հիմնավորումներն արդեն պատրա՞ստ են:

Նախնական ժամկետները՝ այո: Իսկ մոտակա երկու տարվա ընթացքում պետք է հետագա ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարենք: Դրանց հիման վրա մեր ռեակտորային կայանքի գլխավոր նախագծողն ու կոնստուկտորը («Հիդրոպրես» ընկերություն, ՌԴ) կկատարի ռեակտորային կայանքի եւ էլերգաբլոկի հետագա շահագործման հնարավորության հաշվարկային հիմնավորումը: Ըստ աշխատանքային ժամանակացույցի՝ նախատեսված է դա կատարել մինչեւ 2018 թվականի մայիսը՝ մինչեւ էներգաբլոկի հերթական պլանային վերանորոգման կանգառը: 

Մինչ այդ, ի՞նչ հետազոտություններ կարվեն կայանում:

Այս տարի ռեակտորի, շոգեգեներատորների, գլխավոր շրջանառության խողովակաշարի եւ ռեակտորի պատյանի ներսում գտնվող սարքավորումների լայնածավալ ուսումնասիրություն կկատարենք: Սրանք այն սաքավորումներն են, որոնք որոշում են կայանի կյանքը: Այս աշխատանքները պետք է կատարենք էներգաբլոկի պլանային վերանորոգման կանգառի ընթացքում, որն այս տարի կսկսվի սեպտեմբերին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի վերջը (ըստ ժամանակացույցի՝ սեպտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 18-ը):

Ծավալային առումով վերանորոգման աշխատաշրջանն այս տարի հսկայական է լինելու: Կստուգենք ռեակտորային կայանքի բոլոր 5 հիմնական բաղադրիչնեը: Սա հսկայական աշխատանք է. օրը 24 ժամ` երեք հերթափոխով, որպեսզի տեղավորվենք մեր 60 oրվա մեջ: Իսկ զուտ աշխատաժամանակը 40 օրից էլ պակաս է, որովհետեւ կանգառից հետո առաջին 10 օրվա ընթացքում ռեակտորն ու սարքավորումները հովանում են, իսկ վերջին 10-15 օրվա ընթացքում ստուգվում են համակարգերը, փորձարկման-վերագործարկման աշխատանքներ են իրականացվում: Այս ժամկետներում նման լայնածավալի աշխատանքները բացառիկ են ատոմային էներգետիկայի ոլորտում: 2017 թվականին ուսումնասիրությունները կշարունակվեն:

Ե՞րբ կմեկնարկեն սարքավորումների փոխարինման աշխատանքները:

Աշխատանքների հիմնական մասը կկատարվի 2018 եւ 2019 թվականներին: 2018-ին նախատեսում ենք արդիականացնել մեկ տուրբոկայանի ամբողջ համալիրը (կփոխարինվեն տուրբինի ռոտորները, զտիչ-շոգեգերտաքացուցիչները, կոնդենսատորները, ինչպես նաեւ գեներատորներն ու տրանսֆորմատորները): Այս աշխատանքների արդյունքում նախատեսվում է բարձրացնել տուրբոկայանքի օգտակար գործողության գործակիցը, հետեւաբար՝ դրա հզորությունը:

2019 թվականին նման արդիականացում է նախատեսվում երկրորդ տուրբոկայանքի համար, ինչը թույլ կտա էներգաբլոկում լրացուցիչ 200 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրել՝ առանց վառելիքի հավելյալ ծախսերի:  Ակնհայտ է, որ սա կօգնի նվազեցնել էլեկտրաէներգիայի ինքնարժեքը եւ կմեղմացնի արդիականացման համար ստացված վարկային բեռը:

Առանձին ու կարեւոր տեղ է զբաղեցնում անվտանգության մակարդակի բարձրացման նոր միջոցառումների ներդրումը: Դրանցից խոշորագույնը ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացումն է, որը պարտադիր է բոլոր կայանների անվտանգության համար: Մեզ մոտ, փառք Աստծո, կարիք չի եղել այն օգտագործել եւ, հուսով եմ, չի էլ լինի: Բայց այն պետք է բերվի ավելի բարձր մակարդակի:

Ե՞րբ եւ ի՞նչ ժամկետով կդադարեցվի կայանի շահագործումը:

Այս տարի՝ 2016 թվականին կայանում երկամսյա պլանային աշխատաշրջան է նախատեսվում՝ վառելիքի վերալիցքավորման, վերանորոգման աշխատանքների համար: Նման աշխատանքներ են ծրագրված նաեւ 2017 թվականին: Դրանք պետք է տեւեին 45 օր, սակայն, ելնելով մեր պահանջմունքներից, այդ ժամկետը երկարացրեցինք եւս 15 օրով:

2018 թվականին նախատեսված վերանորոգումն ամենաերկարը կլինի եւ կտեւի 4 ամիս: Այդ ժամանակ սարքավորումների փոփոխման եւ համակարգերի արդիականացման ամենածավալուն աշխատանքները կիրականացվեն:

2019 թվականից կայանը կվերադառնա «նորմալ կենսագործունեությանը»՝ 4-ամյա ստանդարտ գրաֆիկով. 3 տարի՝ 45 օր, 4-րդ տարում՝ 60 օր, երբ ռեակտորից դուրս է բերվում ամբողջ վառելիքը, այն ներսից մաքրվում եւ վերագործարկվում է:

Կարո՞ղ եք նշել մատակարարումների աշխարհագրությունը:

Մատակարարումների ամենախոշոր մասը՝ գեներատորները, կիրականացնի պետերբուրգյան «Ուժային մեքենաներ» («Силовые машины») ընկերությունը: Մենք փոխարինում ենք մեր երկու գեներատորները եւ տուրբինների ամբողջ ներքին հատվածը: Հայտարարված է մրցույթ, մասնակիցների թվում են 3 ընկերություն Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Չեխիայից:

Ճի՞շտ է այն, որ ինչքան հին է էներգաբլոկը, այնքան ավելի ծախսատար է դրա շահագործումն ու ավելի բարձր՝ էլեկտրաներգիայի ինքնարժեքը:

Ծախսերը կապված են ոչ այնքան տարիքի, որքան անվտանգության համակարգերի համաշխարհային զարգացման հետ: 1980 թվականից ի վեր, երբ գործարկվել է մեր կայանի գործող՝ 2-րդ էներգաբլոկը, ԱԷԿ-ի անվտանգության չափանիշները բազմակի աճել են: 1995 թվականին կայանի վերագործարկումից հետո միայն արդիականացման ու անվտանգության համար շուրջ 150 մլն է ծախսվել: Դա կատարվել է հիմնականում օտարերկրյա աջակցության շնորհիվ՝ Եվրամիությունից, ԱՄՆ-ից, ՄԱԳԱՏԷ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից: Միջազգային հանրությունը մեզ շատ է օգնել կայանի անվտանգությունը բարձրացնելու առումով:

Տարիներ առաջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտը կայանի հարթակի անվտանգության ուսումնասիրություն է կատարել: Սեյսմակայունության նոր ուսումնասիրություններ նախատեսվո՞ւմ են:

Սեյսմիկ անվտանգության վերանայումը, որն իրականացվեց այդ տարիներին, թե՛ մեր ազգային վերահսկողական մարմնի, թե՛ այլ կազմակերպությունների վերլուծությանն է ենթարկվել: Արդյունքում մենք ստացել ենք ՄԱԳԱՏԷ-ի հավանությունը եւ այսօր բազմակի գերազանցում ենք սեյսմակայունության նախագծային շեմը: Msk-64 սեյսմիկ արագացման սանդղակով մենք անվտանգություն ենք ապահովում ենք՝ գրունտի 0.35 արագացման դեպքում: Իսկ նոր սարքավորումներ պատվիրելիս բավական բարձր տեխնիկական պահանջներ ենք ձեւակերպում, այդ թվում՝ սեյսմակայունության առումով:

Ի՞նչ կարվի ծառայության ժամկետն ավարտված մեխանիզմների եւ նյութերի հետ: Դրանք կօգտահանվեն այստե՞ղ, թե՞ Հայաստանից դուրս:

Ռադիոակտիվ թափոնների ծավալն այնքան մեծ չի լինի, որպեսզի խնդիր առաջանա: Անմիջականորեն ակտիվ գոտու սահմաններում մենք «գերեզմաններ» ունենք, որոնք նախատեսված են բարձր ակտիվության թափոնների երկարաժամկետ պահպանման համար: Այսօր դրանք լցված են մեկ երրորդից պակաս քանակությամբ թափոններով:

Սակայն ծավալների առումով ամենամեծը կլինեն ոչ թե ռադիոակտիվ թափոնները, այլ խոշոր կառույցները: Այսինքն՝ արդյունաբերական թափոնների մեծ ծավալ է սպասվում: Դրանք հովացման աշտարակների ներքին սարքերը (որոնք կայանի ամենաերեւացող մասն են) եւ ագրեգատների բաղադրիչներն են (գեներատորները, տուրբինների տարրերը, կոնդենսատորների խողովակային բլոկերը եւ այլն), ինչպես նաեւ մեր գլխավոր տրանսֆորմատորները, որոնք հոսանք են մատակարարում ցանցին: Այդ սարքավորումների մեջ մեծ քանակությամբ արդյունաբերական նշանակության մետաղներ կան՝ պղինձ, պողպատ եւ այլն: Դրանց օգտագործման կարգը կորոշի Կառավարությունը:

Կայանը ջրի պակաս զգո՞ւմ է՝ կապված Արարատյան դաշտում գրունտային ջրերի մակարդակի նվազման հետ:

Բարեբախտաբար, Կառավարության որոշ քայլերի շնորհիվ գրունտային ջրերի մակարդակը կայունացել է, եւ առայժմ դրա պակասը չենք զգում: Սակայն, ամեն դեպքում, ծրագրում ենք շարունակել արտեզյան հորերի հորատումը: Դրանք ապահովագրում են մեզ չնախատեսված դեպքերից, բայց նաեւ այլ խնդիր կա: Արտեզյան ջրերը շատ ավելի մաքուր են, քան Սեւջուր գետի եւ մեր տղմազտիչի ավազանի ջրերը, որտեղ շատ տիղմ, ջրիմուռներ եւ այլ օրգանական նյութեր կան: Դրանք նստվածք են առաջացնում հովացուցիչների մասերում, ջերմափոխանակիչների խողովակներում, վնասում են սարքավորումները, բարդացնում վերանորոգումը, պահանջում են ավելի հաճախ փոխարինել առանձին մասեր եւ հանգույցներ: Դրա համար ստիպված ենք լինում նախապես այդ ջուրը մշակել թթվով, հետո՝ զտել: Ուստի արտեզյան ջուրը կայանի համար շատ ավելի անվտանգ է: Այժմ ունենք 3 հոր, նախատեսում ենք դրանց թիվը հասցնել 10-ի:

ԱԷԿ-ը ոչ միայն հոսանք է արտադրում, այլեւ՝ ջերմություն: Հնարավո՞ր է դրան որեւէ կիրառում գտնել: Էներգառեսուրսների առումով աղքատ Հայաստանի համար սա հատկապես կարեւոր է...

Խորհրդային ժամանակներում նախատեսվում էր ՀԱԷԿ-ի եւս երկու էներգաբլոկ կառուցել (3-րդը եւ 4-րդը): Այդ ժամանակ ծրագրում էին նոր բլոկների հզորությունների մի մասն ուղղել ջերմամատակարարմանը, Երեւանում ջերմախողովակաշար կառուցել: Սակայն, ինչպես հայտնի է, նախագիծը չիրագործվեց: Հիմա էլեկտրականությունից ջերմություն կամ հովացում ստանալու տեխնոլոգիաներն այնքան արդյունավետ են դարձել, որ տաք ջրի փոխադրումը շահավետ չէ. ավելի դյուրին է սպառողներին բազմաֆունկցիոնալ էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Հայաստանի ատոմային էներգետիկներին ծանր խնդիր է բաժին ընկել. ԱԷԿ-ը վերանորոգել գրեթե ընթացքի մեջ՝ առանց աշխարհում ընդունված երկարատեւ պատրաստության:

Մենք չենք կարող մեզ երկարատեւ կանգառ թույլ տալ, քանի որ դա ուղղակիորեն բացասական ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սպառողական արժեքի վրա: Չէ՞ որ հիմնականում ՀԱԷԿ-ի շնորհիվ է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ընդունելի սահմաններում պահպանվում: Այնպես որ՝ ստիպված ենք պլանային վերանորոգման աշխատանքները համատեղել էներգաբլոկի վերազինման եւ արդիականացման աշխատանքների հետ:

Աշխարհում այդպես ընդունված չէ, բայց այդպիսին է մեր իրականությունը, եւ մեր գործընկերները սրան ըմբռնումով են վերաբերվում, ինչպես նաեւ այն հանգամանքին, որ վերանորոգման աշխատանքների համար մեզ աննախադեպ կարճ ժամանակահատված է հատկացված՝ մինչեւ 2019 թվականը, մինչդեռ Շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար համաշխարհային պրակտիկայում 8-10 տարի է սահմանվում:

Մնում է հուսալ, որ մեր կոլեկտիվի ջանքերով, համապատասխան պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային գործընկերների աջակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս բարդ իրավիճակից, եւ տարածաշրջանում միակ ատոմային էներգետիկ օբյեկտը դեռ երկար Հայաստանը կապահովի անվտանգ, հուսալի, էժան եւ էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայով: